Քրդերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդերը Հայաստանում (քրդ.՝ Kurdên Ermenistanê) կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ-ի քրդերը Նոր տնտեսական քաղաքականության տարիներին՝ 1920-ական թվականներին, սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին՝ լատինատառ, ապա 1945 թվականին՝ կյուրեղագիր, իսկ հիմա՝ և՛ կյուրեղագիր, և՛ լատինատառ[2]։

Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդալեզու ռադիո։ Քրդերի մասին առաջին ֆիլմը՝ Զարեն, նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը՝ «Քուրդ հովիվը», որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին[2]։

ՀՀ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում էր 35 308 եզդի և 2 162 քուրդ բնակիչ[1]։ Քրականան և եզդիական համայնքներն ունեն մեկական ներկայացուցիչ ՀՀ Ազգային ժողովում։ Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայումս ներկայացնում է Կնյազ Հասանովը, իսկ եզդիական համայնքը՝ Ռուստամ Բաքոյանը[3][4]։

Քրդական ծագմամբ Շադդադյանների հարստությունը, որը տիրել է ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների X-XII դդ․, Արևելյան Հայստանում քրդերի ներկայության առաջին վկայությունն է[5]։ Միջնադարում քրդերի ներկայությունը Հարավային Կովկասում փոքր է եղել[5]։ Քրդական ցեղախմբեր XVIII դարում հարավից սկսել են չվել Արևելյան Հայաստան, հաստատվելով հիմնականում Արարատյան դաշտավայրում[5]։ Որոշ մուսուլման քրդեր հաստատվել էին Արևելյան Հայաստանում XIX դարի սկզբին, սակայն նրանց մեծ մասը մինչև XX դարի սկիզբը վերաբնակվել էր ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին եզդիները հաստատվել են Անդրկովկասում՝ փախչելով Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի իրականացրած հալածանքներից[5][6]։

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր[7]։ Քրդերի մի մասը, մասնավորապես Կարսի մարզում, միացել է Հայաստանի թյուրքախոս բնակչության խռովություններին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը[8]։

Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել[9]։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ[10]։

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և կենտրոնական Ասիայի հանրապետություններ[5][11]։

Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել է երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով[6]։ Այնուհետ նրանք մնացել են Ադրբեջանում կամ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն (մասնավորապես՝ Կրասնոդար)[5][12]։ Այժմ Հայաստանում չափազանց քիչ քրդեր են մնացել (ըստ քրդագետ Գառնիկ Ասատրյանի՝ 1998 թվականի դրությամբ նրանց թիվը մոտ հարյուր հոգի էր կազմում)[13]։

Խորհրդային ժամանակաշրջանում քրդերն ու եզդիները նույնացվում էին։ 1980-ական թվականներին եզդիական համայնքի որոշ առաջնորդներ պահանջել են իշխանություններից, որպեսզի եզդիները ճանաչվեն իբրև ինքնուրույն և առանձին ազգություն։ 1989 թվականի խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, նախկինում քուրդ համարվող 60 000 հոգուց 52 700 հոգի որպես եզդի է ներկայացել[6]։ 1989 թվականից ի վեր մարդահամարներում քրդերը և եզդիները առանձին են հաշվվում, իսկ եզդիների բարբառը, որը քուրմանջիի բարբառ է, համարվում է առանձին լեզու՝ եզդիերեն (էզդիկի)[6][14]։

Այնուամենայնիվ, որոշ եզդիներ չեն ժխտում իրենց մշակութային և այլ կապերը քրդերի հետ և կամ իրենք իրենց քուրդ են համարում[12][14][15][16]։

Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է և նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա[12]։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը քրդական փոքրամասնության ներկայացուցչության համար Ազգային ժողովում նախատեսում է մեկ տեղ[17]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով